ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մեր ժամանակներում թշնամիներն ամենուրեք են, և պատերն անգամ երբեմն ականջ ունեն

Մեր ժամանակներում թշնամիներն ամենուրեք են, և պատերն անգամ երբեմն ականջ ունեն
04.09.2009 | 00:00

Ի՞ՆՉ Է ԿՈՆՍՊԻՐԱՑԻԱՆ

ԻՎԱՆ ԻԼՅԻՆ

ՆԱԽՆԱԿԱՆ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Կոնսպիրատիվ (այսինքն` գաղտնի, ընդհատակյա) գործունեության ոչ ամեն մարդ է ընդունակ։ Մարդկային պատմության ընթացքում ձախողվել են բազմաթիվ դավադրություններ միայն այն պատճառով, որ դրանց մասնակցել են անընդունակ, թեթևամիտ և անզգույշ մարդիկ, ովքեր հատուկ չեն վարժեցվել։ Մեր ժամանակներում` ճարտարամիտ ֆիզիկական և հոգեբանական տանջանքների դարաշրջանում, կոնսպիրատիվ աշխատանքը պահանջում է հատուկ պատրաստականություն, հատուկ դպրոց և ուժեղ կամք։ Այդ պայմանների բացակայության դեպքում յուրաքանչյուր մարդ և յուրաքանչյուր կազմակերպություն մատնված են կորստի։
2. ՈՒստի, նախքան այդպիսի գործունեություն ձեռնարկելն անհրաժեշտ է համոզվել սեփական ունակության մեջ և հետո միայն անցնել առանձնահատուկ տեխնիկական, մարմնական և հոգևոր նախապատրաստման դպրոց։ Մարդիկ, ովքեր շատախոս են, էքսպանսիվ և էմոցիոնալ, ցրված, դյուրահավատ, միամիտ ու հիմար, մոռացկոտ, դյուրազգաց, շիտակ ու անկեղծ, վախկոտ ու վեհերոտ, ովքեր չեն կարողանում զսպել իրենց երևակայությունը, օրգանապես անկարող են կեղծել և ստել, ովքեր չեն դիմանում մենակությանը, մրսկան են, անհամբեր, հեշտ ենթարկվում են ներշնչման ու մարմնական ցավի, ավելի լավ է չձեռնարկեն այդպիսի գործեր։
3. Այս նախազգուշացումը վերաբերում է հատկապես սնափառ և փառամոլ մարդկանց։ Նրանց հարկավոր է մեկընդմիշտ ընտրություն կատարել իրենց գործի հաջողության և անձնական նվաճումների միջև։ Մարդիկ առհասարակ դիմում են գաղտնիքին ու դավադրությանն այն դեպքում, երբ իրենց գործի հաջողությունն է դա պահանջում։ ՈՒրեմն, այդ հաջողությունը նրանցից պահանջում է լռակյացություն, աննկատելիություն, համեստություն, այսինքն` հատկապես այն, ինչն իրենց սնափառությունը բացարձակապես հանդուրժել չի կարողանում։ Սնապարծ մարդը ցանկանում է երևալ, փառաբանվել, հռչակված լինել։ Նա պարծենկոտ է ի ծնե։ Նա միշտ բաներ կհորինի իր մասին, իր կուսակցության կամ կազմակերպության մասին, կվերագրի իրեն ուրիշի գործերն ու սխրանքները, համոզված լինելով, որ պարծենկոտությունից, ինչպես նաև զրպարտությունից, միշտ «ինչ-որ բան կմնա»` լսողները կամ ընթերցողներն ամբողջին չեն հավատա, բայց գոնե մի մասնիկ կտանեն իրենց հետ։ Իսկ հետագայում այնքան հեշտ է շփոթել` ի՞նքն էր գովերգում իրեն ու իր կուսակցությանը, թե՞ կողմնակի մարդկանցից էր գովեստը։ Սնափառ մարդու պարծենկոտությունն աննկատելի նստվածք է թողնում «հանրային կարծիքի» մեջ կամ բերնեբերան տարածվելով` որպես գովասանք մտնում այդ ընդհանուր և անպատասխանատու «ասում են»-ի մեջ, իսկ եթե «ասում են», ապա դա արդեն «փառքի» կեսն է, մի քիչ էլ... ու կսկսեն մեծարել, իսկ «մեծարանքից» մինչև «իշխելն» արդեն մի քայլ է։
Մեկ էլ... ու պարծենկոտը հռչակ ձեռք բերեց։
4. Այսպիսով, սնափառ ու փառամոլ մարդիկ ամենևին չեն նկատում, թե որքան են վնասում իրենց և իրենց գաղտնի գործունեությանը իրենց իսկ դատարկախոսությունն ու բարկացնող շարժուձևերը։ Համեստ և լռակյաց գաղտնի գործիչները դժվար են հայտնաբերվում. նրանց հարկավոր է գտնել, նրանց պետք է գնահատել, նրանց կյանքը չի կարելի վտանգել։ Դրանում համոզվելու համար բավական է միայն հասկանալ և յուրացնել այն փաստը, որ համաշխարհային մեծագույն դավադրությունների կազմակերպիչներն իրենց պահել ու պահում են կատարյալ անհայտության մեջ։ Լենինի համար շատ հեշտ էր. «էքսպրոպրիացիաների» (սեփականազրկման) սև գործը, փողերը կեղծելու, ոսկու հայթայթումը նրա փոխարեն և նրա համար կատարում էին ուրիշները (օրինակ` Ջուղաշվիլի-Կոբա-Ստալինը` Կովկասում, Լիտվինովը` Ռումինիայում, Եվսեյ Տարատուտան և Մաքսիմ Գորկին` Մոսկվայում, Պարվուս-Գելֆանտը` Բեռլինում և Շվեյցարիայում, գեներալ Հոֆմանը` գերմանական շտաբում և այլն), մինչև վրա հասավ «հարմար պահը» (1917), քանի որ Կերենսկու իշխանությունը զրոյական էր, կարելի էր առանց կոնսպիրացիայի գրավել Կշեսինսկու առանձնատունը և Սմոլնու ինստիտուտը, և ամբողջ պայքարը տարվում էր արդեն «փողոցում»։ Կոնսպիրացիայի վարպետներին ավելի հեշտ է գտնել սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունում, բայց նրանք էլ երբեմն տապալվում էին ու կործանվում (բացի Եվնո Ազեֆից, որն իր կյանքն ապրեց Բեռլինում որպես հարստություն դիզած ռանտիե)։
5. Միայն այդ վերջին անվան հիշատակումը պետք է յուրաքանչյուրի մեջ միտք հղացնի, որ կոնսպիրացիայում միշտ կա բարոյապես անպատշաճ, լպրծուն և կոմպրոմիսային տարր։ Կոնսպիրատորը պետք է լինի կեղծիքի, խաբեության և ստի վարպետ, և իր վարպետությունն օգտագործելիս չպիտի զգա ո՛չ նողկանք, ո՛չ ամոթ, ո՛չ խղճի խայթ։ Դա շատ ավելի հեշտ է տրվում անխիղճ ու անբարո հոգի ունեցող մարդուն, քան նրան, ով ունի ազնվական հոգի և խղճմտանք։ Այնտեղ, որտեղ պրոֆեսիոնալ խաբեբան, սրիկան և դահիճը հանգիստ կերպով կատարում են իրենց տրված հանձնարարությունները, հաշվի չառնելով դրանց ստորությունն ու գարշելիությունը, այնտեղ գաղափարական մարտիկը պետք է դեռ գտնի այն ներքին հիմքերը, որոնք պիտի հանդարտեցնեն իրեն զզվանքի, ամոթի կամ խղճի խայթի պահերին։ Նա պետք է միշտ հիշի, որ իր գաղտնի գործի հաջողությունը կարող է անխղճության, անպատկառ ստի, մատնության և հանցագործության փակուղի հասցնել։ ՈՒ կարելի է վստահաբար կանխագուշակել, որ մարդը, չկարողանալով ճիշտ լուծել այդ փոխզիջումային խնդիրը, վաղ թե ուշ ձեռք կբերի կամ պրոֆեսիոնալ սինլքորի, կամ անազնիվ ստրուկի տեսակետը, կամ էլ կճաշակի այն ուժասպառությունը, որն առաջանում է ինքն իր նկատմամբ բարոյական քամահրանքից։ Բարի նպատակը երբեք չի արդարացնում միջոցները, թեկուզ և նրանք լինեն ամենանպատակահարմարը, չար գործը, ծնունդ տալով բարի հետևանքներին, ամենևին չի դառնում բարի գործ. կատարված ստորությունը պահպանում է իր բոլոր ստոր հատկությունները։ Զազրելի գործեր կատարելու արվեստը, ընդ որում չդառնալով չարագործ, դժվար արվեստ է, որը պահանջում է ոչ միայն ներքին մեծ վարժվածություն և կարգապահություն, այլև հոգու մշտական մաքրում։
Կոնսպիրատիվ ճարտարությունը ենթադրում է, որ մարդը պետք է կարողանա պահել գաղտնիքը և ընդունակ լինի մարդկանց ճանաչելու։
ԳԱՂՏՆԻՔ ՊԱՀԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆԸ
1. Եթե ուզում ես պահպանել գաղտնիքը, նախ` իմացիր, որ պահել այն կարող ես միայն ինքդ։ Հույսդ մի դիր ուրիշների լռակյացության և նրբազգացության վրա։ Եթե դու ինքդ չես պահպանում սեփական գաղտնիքդ, ինչպե՞ս կարող ես լռություն պահանջել ուրիշներից։
2. Գաղտնիքն ունի իր օրենքները. ով խախտում է դրանք, կործանում է հենց գաղտնիքը։ Գաղտնիքի էությունն այն չէ, որ դրա մասին գիտեն, բայց չեն խոսում (բոլորին հայտնի «խեղկատակի գաղտնիքը»)։ Նրա էությունն այն է, որ մարդիկ չգիտեն, թե ինչն է գաղտնիքը, ոչ էլ այն, որ ընդհանրապես ինչ-որ բան թաքցվում է։
3. ՈՒստի, եթե գաղտնիք ունես, մի՛ ընդունիր խորհրդավոր տեսք, մի քչփչա անկյուններում, մի՛ խոսիր բազմանշանակ ակնարկներով, մի՛ պատմիր քո «շատ հետաքրքիր» ծանոթությունների մասին, քեզ մի՛ դիր «գաղտնիքն իմացողի» տեղ, մի՛ հաղորդիր սենսացիոն նորություններ։ Եղի՛ր հասարակ, բնական, համեստ։ Կարողացի՛ր լռել առանց խորհրդավորության, մի՛ բորբոքիր ուրիշի հետաքրքրությունը, այլ անհրաժեշտության դեպքում կարողացիր զրուցել կողմնակի, հանրամատչելի բաների մասին։ Եղի՛ր բոլորի նման։ Եղի՛ր աչքի չընկնող։ Նախ և առաջ կարողացիր սանձել սեփական սնափառությունդ, որը բերանբացության գլխավոր աղբյուրն է։ Մեծ նշանակություն մի՛ տուր քո մասին շրջապատող մարդկանց կարծիքին։ Սովորիր հանուն գործի հանգիստ տանել նրանց մեծ կարծիքը, որը շատ բան չարժե։
4. Բացահայտ խորհրդավորությունը միշտ բերանից թռցնում է գաղտնիքը։ Համոզված եղիր` եթե մարդիկ իմանան, որ գաղտնիք ունես, շատ արագ էլ կիմանան, թե որն է այդ գաղտնիքը։ Քանզի ամենուրեք շատ կան անբան հետաքրքրասերներ և պրոֆեսիոնալ հետախույզներ։ Այդ պատճառով, եթե գաղտնիքի առկա լինելն ակնհայտ է դարձել, ապա բոլորովին խլացրու այն, իսկ հետո, եթե պետք լինի, նորից սկսիր, այլ կերպ և զգուշությամբ։
5. Գաղտնիքը պահել սովորելու համար արա այսպես. թաքցրու քո առաջին լուրջ դառնությունը կամ քո առաջին լուրջ հաջողությունը։ Արա այնպես, որ ոչ ոք դա քեզնից չիմանա։ Կամ էլ արա այսպես. եթե իմանաս որևէ «հուզիչ լուր», ստիպիր քեզ չպատմել դրա մասին ոչ մեկին։ Եթե ուրիշը պատմի դրա մասին քո ներկայությամբ` լռիր, լռիր, եթե սխալ պատմի, մի ուղղիր, եթե քեզ անգետ համարեն, թող համարեն, ավելի լավ։
Վարժեցրու քեզ, բայց ոչ մեկին մի ասա, որ դու իբր «վարժվում» ես։ Սովորիր լինել մենակ քո գաղտնիքի հետ, որպեսզի նա «չճնշի» քեզ։ Դրանով դու կկոփես քո անթափանցելիությունն ուրիշների համար։ Ամրապնդիր դա ներքուստ հոգու բացարձակ հստակությամբ Աստծո և խղճի առաջ։
6. Գաղտնիքը ծանր բեռ է։ Այդ բեռը հարկավոր է կրել մեն-մենակ։ Սովորեցրու քեզ այդ մտքին ու կկոփես բնավորությունդ, քանզի բնավորության էությունը մարդու հոգևոր ինքնուրույնությունն է։
7. Ինչքան քիչ մարդ գիտի գաղտնիքի մասին, այնքան անխոցելի է այն, և հակառակը` գաղտնիքի հանրահայտ լինելը դարձնում է լիովին խոցելի և սպանում է այն։
8. Մտերմիկ գաղտնիքները, որոնք ոչ մեկին պետք չեն, պահելը հեշտ է։ Շատ ավելի դժվար է պահպանել այն գաղտնիքները, որոնք պետք է հայտնի լինեն միայն շատ քչերին, բայց որոնց կարող են հասու լինել շատերը, մինչև իսկ չարակամ մարդիկ։ Սկսիր վարժություններդ անձնական գաղտնիքներից` աստիճանաբար անցնելով կարևոր գաղտնիքներին։
9. Հաղորդել ուրիշին գաղտնիքը հարկավոր է ոչ թե այն դեպքում, երբ դա «կարելի է անել» (նա «դավաճան չէ», նա «բամբասող չէ», նա «շատ լավ մարդ է»), այլ այն ժամանակ, երբ դա, անկասկած, անհրաժեշտ է հենց գործի համար, իսկ նա արդեն ապացուցել է, որ արժանի է լիակատար վստահության։ Միշտ ավելի լավ է ամբողջը չասել, քան ասել ավելորդ ու վտանգավոր ինչ-որ մի բան։ Կասկածի դեպքում միշտ ավելի լավ է խուսափել։ Մի դիմիր ամենաթողության` ո՛չ ազգակցությունից, ո՛չ էլ բարեկամությունից կամ սիրուց ելնելով, հիշի՛ր Սամփսոնին և Դալիլային։
10. Միամիտ մի՛ եղիր. մի՛ մտածիր, որ կարելի է որևէ մեկին կապել «ազնիվ խոսքով» կամ «երդումով», կամ էլ «խոստումով»։ Շատերին գաղտնիքը սկսում է «պայթեցնել» հենց այն պահից, երբ նրանք լռելու «ազնիվ խոսք» են տալիս։ Երբեք ուրիշին մի ծանրաբեռնիր գաղտնիքով. այն կարող է նրանից դուրս թռչել աննկատ և անսպասելիորեն, անկախ նրա կամքից` զառանցանքի, վտանգի, սիրային տենդի, հարբած վիճակում, հիպնոսի տրանսի մեջ։ Միայն իրական անտեղյակությունն է տալիս կայուն երաշխիք։
11. Զարգացրո՛ւ քո մեջ սևեռուն, վայրկենական դիտողականություն, անձանձիր ուշադրություն, արագ կենտրոնանալու հատկություն, ընթացքում վերավճռելու ունակություն, սեփական խոսքը ներքին գրաքննության ենթարկելու արվեստ, բառեր ընտրելու և իմաստի երանգները ճիշտ տարբերելու ճարտարություն։ Դա անհրաժեշտ է գաղտնիքը պահպանելու համար։
12. Սովորիր չշտապել` տրված հարցին պատասխանելու համար, միշտ ժամանակ տուր քեզ ամենախելացի պատասխանի ընտրության համար։ Մինչև պատասխանելը կտրիր ներքուստ բոլոր թելերը, որոնք տանում են դեպի գաղտնիքը։
13. Երբեք մի գրանցիր քո գաղտնիքը, ոչ էլ այն ամենը, ինչ կապված է դրա հետ, ու ոչ մի տեղ մի պահիր։ Ոչ մի դեպքում չի կարելի գրի առնել սեփական գործընկերների անունները, հասցեները, նշանաբառերը։ Բոլոր անհրաժեշտ բաներն անգիր հիշիր։ Իսկ եթե չես կարող, ապա նախ ամրացրու հիշողությունդ մնեմոնիկ (հուշամարզական) վարժություններով։
14. Եթե սկզբնական շրջանում լինեն անհաջողություններ, մի՛ հուսալքվիր։ Գաղտնիք պահպանելը ծանր գործ է։ Սովորիր ստուգել ինքդ քեզ ամեն մի խոսակցությունից հետո և նշել սեփական սխալներդ, այդ դեպքում դու ինքդ շուտով կլրացնես այս կանոնները։ Եվ հիշիր` գաղտնիք պահպանողը միշտ ավելի հզոր է նրանից, ով անկարող է դա անել։
15. Եվ մի բան էլ հիշիր` մեր ժամանակներում թշնամիները գրեթե ամենուրեք են, և պատերն անգամ երբեմն ականջ ունեն։
16. Եվ պահպանիր ընդհանուր սկզբունքը` նա, ով հանրաճանաչ է, չպետք է վարի գաղտնի աշխատանք, քանզի նա նման է ապակու տակ գերված ճանճի և նրան ոչինչ չի հաջողվի թաքցնել. կոնսպիրատիվ աշխատանքը պետք է նրա ցուցմունքներով կատարեն աննկատելի մարդիկ։
Իսկ նա, ով թաքցնում է գաղտնիքը, չպետք է ցուցադրվի, այսինքն` թերթերում գովազդի իր գործունեությունը, հրապարակի իր անունը, շատախոսի իր աշխատանքի մասին։ Այդպիսի ինքնագովազդը հավասարազոր է ինքն իրեն մատնելուն։
ՄԱՐԴԿԱՆՑ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆԸ
1. Նա, ով հանձն է առնում կազմակերպել մարդկանց, պետք է նրանց միջև բաշխի լիազորություններն ու պարտականությունները, նրանց մեջ հաստատի համագործակցություն և ենթակայություն և, գլխավորը` հավատարիմ մարդկանց դնի իրենց համապատասխան տեղերում։ Դա նշանակում է, որ կազմակերպիչը պիտի լավ ճանաչի մարդկանց` ով ինչ արժանիք ունի, և ում ինչ կարելի է հանձնարարել։ Նա պետք է հաստատ համոզված լինի, որ իր կազմակերպության յուրաքանչյուր անդամ` ա) անկեղծորեն ցանկանում է կատարել իր գործը (խորամանկ սաբոտաժավոր չէ), բ) ունի դրա համար անհրաժեշտ ուժ և ընդունակություններ (առողջություն, մարմնական և հոգևոր ներուժ), գ) կարող է պահանջել և տույժի ենթարկել, բայց կարող է և ինքը ենթարկվել, դ) կարող է հասկանալ առաջադրանքը։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է սովորել մարդկանց ճանաչել, դրան անընդունակը թույլ կտա միայն սխալներ և կփչացնի իրեն հանձնարարված գործը։
2. Սա հատկապես կարևոր է Ռուսաստանում մեր ապագա գործունեության համար (թարգմանչի կողմից. մեր դեպքում` Հայաստանում), որտեղ մենք կգտնենք բազում մարդկանց, ովքեր դաստիարակված են չարության, ստի, վախի, ծախվածության և դավաճանության մթնոլորտում, բազմաթիվ մարդկանց` վիրավորված ինքնասիրությամբ և կոտրված կամքով, անդաստիարակ ու անզոր բնավորությամբ մարդկանց և համեմատաբար քիչ թվով հավատարիմ ու ամուր մարդկանց։ Նրանց հարկավոր է ճիշտ ճանաչել, միավորվել նրանց հետ և ամրակուռ վարել Ռուսաստանի (մեր դեպքում` Հայաստանի) փրկության գործը։
3. ՈՒրիշի հոգին գաղտնիք է։ Չկան բանականության չափանիշներ կամ կանոններ դրա մեխանիկական չափման և սահմանման համար։ Բայց կենդանի և սրաթափանց բնազդը կարող է որպես օժանդակություն ստանալ մի շարք կարևոր ցուցումներ կամ խորհուրդներ, որոնք տալիս են հոգևոր-բարոյական ախտորոշման ուղեցույց թելը։ Ոչ մեկն այդ «կանոններից» ինքնաբավ չէ, և միայն բոլորը միասին կարող են օգնել բացահայտելու ուրիշի հոգու «մութ գաղտնիքը»։ Գլխավորն այն է, որ միայն պատվական մարդը կարող է հաստատել և ուսումնասիրել ուրիշի պատվականությունը, քանզի միայն նա ունի անձնական խղճի կենդանի չափանիշը։ Չարագործի համար մեր բոլոր ցուցումներն անզոր են և անպտուղ։
4. Յուրաքանչյուր մարդ ակամայից, ի ծնե կարծես «գաղտնագրված» է իր սեփական մարմնի մեջ ու բացահայտում է ինքն իրեն իր արարքներով, ընդ որում, այնպես, որ նրանց մեջ քողարկված տրվում է իր ամբողջ հոգին։ Հարկավոր է սովորել «վերծանել» այն ճշտորեն և կատարելապես։ Այստեղից էլ` մարդուն ճանաչելու առաջին կանոնը. գործը և մարմինն ավելի շատ բան են նշանակում, քան խոսքը։ Մի՛ դատիր մարդու մասին` ելնելով նրա խոսակցությունից կամ արտահայտություններից։ Մի՛ հավատա բառերին, որոնք ուղեկցվում են խորամանկորեն վազվզող աչքերով կամ դեմքի արհամարհական արտահայտությամբ։ Պահանջիր գործեր և համեմատիր դրանք ասված խոսքերի հետ։ Լավ զննիր մարդու արտաքին կերպարանքն ու համեմատիր այն իր խոսքերի և գործերի հետ։ Ստոր, չար գործը կարող են մերկացնել և՛ բառերը, և՛ դեմքի կեղծումեղծ արտահայտությունը։ Իսկ այսօր կեղծավորությունը տարածված է աշխարհում, ինչպես երբեք:
5. ՈՒրեմն, ամենից կարևոր են մարդու արարքներն ու նրա անձնական ներկայությունը դրանց մեջ` իր մտադրությունը (ինչ է, հատկապես, նա ցանկացել) և դրդապատճառը (ինչու է նա ցանկացել, հատկապես, հենց այդ բանը) և իր ներդրած կամքի էներգիան։ Մարդու խոսքերը պարզ լուսավորվում են և իմաստավորվում միայն շողերով, որոնք գալիս են իր արարքներից ու իր անձից։ Մարդու գործերը ճանաչվում են միայն նրա հետ համագործակցելիս (այն էլ ոչ միշտ և ոչ միանգամից. հիշենք Ազեֆին, Գապոնին, Ֆյոդորով-Յակուշևին)։ Խորաթափանց բնազդը ներհատուկ է միայն հանճարեղ մարդկանց (օրինակ, Վրանգելը հենց առաջին հայացքից որոշակիորեն ճանաչեց Ֆյոդորով-Յակուշևին որպես պրովոկատորի և արգելեց շփվել նրա հետ)։
Այստեղից` յուրաքանչյուր կազմակերպությունում անհրաժեշտ է ցուցաբերվող վստահության որոշ աստիճանականություն, կարծես հաղորդակից դարձնելու սանդուղք։
(շարունակությունը` հաջորդ ուրբաթ)
Թարգմանեց և տպագրության պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2203

Մեկնաբանություններ